Հայկական էսքիզներ

Դռան այն կողմում հայ ժողովրդի ապագան է․ Մհերի դուռ

Վանա բերդի մոտ՝ ժայռի ստորոտից հիսուն մետր բարձրության վրա, մոտ երկու մետր հիմք ու չորսուկես մետր բարձրություն ունեցող ժայռափոր մի դուռ կա, որի այս կողմում, ուր մենք ենք, հայ ժողովրդի անցյալն ու ներկան են ապրում, իսկ այն կողմում՝ ապագան: Այդպես է վստահեցնում մեր էպոսը՝ «Սասնա ծռերը», և ժայռեղեն դուռն էլ էպոսին քիչ թե շատ ծանոթ ամեն մեկին հայտնի Մհերի դուռն է կամ Ագռավաքարը:


Ըստ ավանդության, այդտեղ՝ դռնից այն կողմ, փակված է «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը իր ձիու՝ Քուռկիկ Ջալալիի հետ։ Նա անմահ է, բայց այս երկրի վրա քայլել չի կարող, որովհետև անարդարությունից թուլացած հողը հերոսին պահել չի կարողանում. ոտքերը խրվում են հողի մեջ:
Մի զրույցի համաձայն՝ ամեն տարի Համբարձման ու Վարդավառի գիշերները, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրի վրա, բայց համոզվելով, որ հողը դեռ չի կարողանում կրել իր ծանրությունը, նորից վերադառնում է իր տեղը։


Ըստ էպոսի՝ միայն մեկ հովիվ է տեսել Ագռավաքարի բացվելը և նրա հարցին, թե՝ Մհեր, ե՞րբ դուրս կգաս այդտեղից, հնչել է պատասխանը.
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
Որ էլնենք էդտեղեն։
Այսպես է ավարտվում էպոսը՝ երբևէ շարունակվելու խոստումով:

Մի քանի ժողովրդական զրույցներ էլ ծնվել են էպոսի այս ավարտը հիմք ունենալով: Օրինակ, այն մասին, որ այնտեղ՝ դռնից այն կողմ, գտնվում է մարդկանց ճակատագրի անիվը: Ասում են, թե երբ այդ անիվը դադարի պտտվել, Մհերը դուրս կգա ու ինքը կքանդի աշխարհը:
Մեկ ուրիշ զրույց էլ ասում է, որ դռնից այն կողմ կուտակված է աշխարհի ոսկին ու հարստությունը, և իբրև թե եղել են դեպքեր, երբ մարդկանց հաջողվել է դռան բացված ժամանակ մտնել Մհերի դռնից: Մտնողները փորձել են որքան կարելի է շատ ոսկի վերցնել, բայց ագահության պատճառով ուշացել են դուրս գալ, դուռը փակվել է և մնացել են ներսում:

Այս բոլոր պատմություններում որևէ հիշատակում չկա այն մասին, որ Մհերի դռան վրա սեպագիր արձանագրություններ կան, ավելի ճիշտ՝ որ այն ամբողջովին ծածկված է սեպագրերով և յուրօրինակ քարեղեն հսկա էջ է՝ մ.թ.ա. ինը հարյուրական թվականներից մեզ հասած: Փոքր Մհերի մասին պատմողների համար դա կարևոր չի եղել: Բայց պատմության ու մեզ համար կարևոր է ու հետաքրքիր, որովհետև պատմում է, թե ի՛նչ է իրականում այս քարե դուռը և երբ է ստեղծվել ու ի՛նչ նպատակով:

Սա կրոնական բնույթի սեպագիր արձանագրություն է, որը փորագրվել է ուրարտական Իշպուինի արքայի թագավորության ժամանակ՝ մ.թ.ա.825-810 թվականներին և ավարտուն տեսք ստացել Մենուայի օրոք՝ մ.թ.ա.810-786 թթ:
Կոչվել է Խալդիի կամ Աստծո դարպաս: Սեպագիր տեքստում Մենուա և Իշպուինի թագավորների կողմից հիշատակվում են ուրարտական պանթեոնի 79 աստվածների և աստվածուհիների անունները յուրաքանչյուրին մատուցվող զոհերի քանակով։ Ա րձանագրությունը թեև նշում է Վանի թագավորության կազմի մեջ մտնող ցեղերի ու ժողովուրդների աստվածների անունները, սակայն սեպագրերում հաճախ հանդիպող «Խալդի աստվածը հզոր է, հզոր բոլոր աստվածներից» արտահայտությունը փաստում է Խալդիի պաշտամունքի գերակայությունը ուրարտական կրոնում։ Եվ պատահական չէ, որ այս ժայռեղեն դուռը հայտնի է Խալդիի դարպաս անունով՝ որպես գերագույն աստծո տաճարի մուտք կամ հենց տաճար:


Ժամանակի ընթացքում մարել է թե՛ Խալդիի, թե՛ մյուս աստվածությունների պաշտամունքը, բայց ժայռափոր դռան սրբազան նշանակությունը մնացել է, կերպարանափոխվել ու դարձել լուսավոր ապագայի սպասման դուռ՝ Փոքր Մհերի հայտնի պատմությամբ:

Եվ մի փոքր էլ դռան մյուս հայտնի անվան՝ Ագռավաքարի մասին: Պարզվում է, այս անունով այլ տեղանուններ էլ կան Հայաստանում: Օրինակ՝ այդպես է կոչվում Արագած լեռան հարավ-արևմտյան լանջին 3025 մ բարձրության վրա գտնվող լեռնագագաթը: Նույն անունն ունի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների արևելյան փեշերին՝ Բռնակոթ գյուղից 1,5 կմ հարավ գտնվող մեկ այլ լեռնագագաթ:
Սյունիքի բարձրավանդակում՝ Վարարակ գետի աջափնյակում ընկած հանդամասն էլ նույն անունն ունի:

Ի՛նչ էլ լինի՝ Խալդիի դարպաս, Ագռավու քար, թե Մհերի դուռ, այս ժայռեղեն սալաքարը մեր ժողովրդի պատմության վկան է ու հայկական էսքիզներից մեկը:

Ցուցադրել ավելի
Back to top button