Մեկնարկ

Ու՞մ «ծառան» է ազգագրագետը. Մեկնարկ

«Ցանկացած մասնագետ իր մասնագիտության մեջ ծառա է․ չվախենամ այս բառն օգտագործել։ Բժիշկը ծառա է բժշկության մեջ հիվանդների համար, գիտնականը՝ գիտության մեջ, ուսուցիչը՝ իր ոլորտում, արվեստագետը՝ իր ոլորտում։ Բայց բոլորս, ի վերջո, գնում ենք մեկ ուղղությամբ․ մեր ազգն ուժեղ լինի, մեր ազգային դիմագիծը կայուն լինի, մեր հայրենիքը, մեր պետությունը կայուն լինի։ Որպեսզի հասկանանք, թե մեր ծառայության վերջնանպատակը որն է, պիտի հասկանանք, թե ինչին ենք ծառայում, իսկ հասկանալու համար պետք է ճանաչենք։ Ազգագրությունն օգնում է, որպեսզի մենք ճանաչենք ինքներս մեզ, ճանաչենք մեր ակունքները, ճանաչենք մեզ այսօր»,– ասում է մեր հյուրը՝  պատմական գիտությունների թեկնածու, աստվածաբան, ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը։

Նա աշխատել է տարբեր  գիտական արշավախմբերի կազմում,  նախորդ տարի էլ էթնոբուսաբանական գիտական արշավախմբի կազմում, որպես ազգագրագետ,  մասնակցել է Սյունիքի մարզում կատարվող ուսումնասիրությունների։

«Գիտական արշավախումբ» բառակապակցությունն արդեն բավական է, որ շատ պատանիներ, առանց լավ էլ պատկերացնելու՝ ինչի՛ մասին է խոսքը, ասեն՝ ու՜խ, ի՜նչ հավես է։ Հավե՞ս է, թե՞ ոչ, հետաքրքի՞ր է, թե՞ ոչ այնքան, կպարզենք մեր զրույցի ընթացքում։ Նաև կփորձենք մեր հյուրի օգնությամբ բացահայտել ազգագրագետի մասնագիտությունը և հասկանալ, թե 21–րդ դարում, սլացքի, վազքի, արագությունների, դեպի միկրոաշխարհ կամ հակառակը՝ դեպի տիեզերք նայող մասնագիտությունների շրջապտույտի մեջ ի՞նչ տեղ ունի այս մեկը՝ ազգագրությունը։

Հ․ Աբրահամյան – Ազգագրությունն այն մասնագիտություններից է, որը երբեք չի հնանա և երբեք չի վերանա։ Ազգագրությունը եղել է միշտ ու կլինի միշտ, քանի կան ազգեր և ժողովուրդներ, որովհետև «ազգագրություն» գիտության էությունը ժողովրդական մշակույթի, էթնիկ մշակույթի ուսումնասիրությունն է։ Ազգագրությունն ուսումնասիրում է ժողովրդական մշակույթի նյութական և հոգևոր ասպեկտները։ Ի՞նչ է ժողովրդական մշակույթը․ թերևս այստեղից սկսենք։ Դա այն մշակույթն է, որն ստեղծում և ձևավորում է ժողովուրդը կամ, կարելի է ասել, այն դասական մշակույթը, որը ժողովուրդը վերարտադրում է ի՛ր ձևով՝ ի՛ր կենցաղում։ Ի վերջո, ժողովուրդն է պահպանում և փոխանցում բոլոր ժամանակաշրջանների մշակույթները, դրանք իրար համակցում, մեկնաբանում, դարերի ընթացքում փոխում և հարստացնում այդ մեկնաբանությունները։

․․․Գիտենք, որ այսօր տեղի են ունենում շատ գործընթացներ, որոնք տարբեր մշակույթներ են փոխկապակցում, տարբեր մտածելակերպեր են փոխկապակցում։ Բայց ես ուրախությամբ կարող եմ փաստել, արձանագրել, որ այսօր էլ մեր ազգային, ժողովրդական մշակույթը շատ կենսունակ է։ Այսպիսի մի օրինակ բերեմ։ Մենք գնում ենք հեռավոր, նույնիսկ սահմանային մի գյուղ։ Այնտեղ էլ մարդիկ նույն համացանցից օգտվում են, իրազեկ են այն ամենին, ինչին իրազեկ են քաղաքում ապրողները, որովհետև համացանցը տալիս է այդ հնարավորությունը, բայց մենք տեսնում ենք մեր ավանդական, հոգևոր մշակույթի մի այնպիսի դրսևորում, որը զարմացնում է։ Օրինակ, Սյունիքի գյուղերից մեկում 2022 թվականի մայիսին մենք ականատես եղանք մի անձրևաբեր ծեսի, որը կոչվում է «կաթնավով մատաղ»։ «Կաթնավը» մեզ ծանոթ կաթով ապուրն է։

Այս ծեսը, որի ակունքներում  եղանակի կանոնավորությունը պահպանելն է, ունի իր կանոնները․ ո՛վ պիտի անի մատաղը, ինչպե՛ս պիտի արվի։ Ապշեցուցիչն այն էր, որ երբ տարեց կինն այս մատաղն անում էր, բոլոր անցնող–դարձողները՝ տղամարդիկ, կանայք, երիտասարդ տղաներ, աղջիկներ, բոլո՛րը, անցնելուց ասում էին՝ մատաղն ընդունելի լինի՛,  նույնիսկ եթե կաթնով չէին սիրում, անպայման մոտենում, մի բան վերցնում էին սեղանից։ Բնականաբար, նրանք հասկանում են, որ ծեսից շատ բան կախված չէր եղանակի կարգավորման առումով, բայց դա մեր ազգային ծեսն է, և իրենք սիրով դա պահում են․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button