Մեկնարկ

Հումանիտար առումով կիրթ և կրթված հասարակությունը՝ առաջընթացի պայման․ Մեկնարկ

Պատմաբան Վաղարշակ Մատիկյանը ներկայացնում է «Հայոց պատմություն, 7-րդ դասարան» նոր դասագիրքը /հեղ․՝ Վ․ Թոքմաջյան, Ն․Հակոբյան, Վ․ Մատիկյան/։
Ինչո՞վ է տարբերվում դասագիրքը դաշտում եղած մյուս դասագրքերից, սովորողների արժեքային համակարգի ձևավորման տեսանկյունից պատմություն առարկայի ծրագրում վերանայման կարիք կա՞։ Այս և մի քանի այլ հարցերի շուրջ է զրույցը։

Վ․ Մատիկյան-Կեղծ արժեքային համակարգի ձևավորումը միշտ առաջ է գալիս, երբ մենք փորձում ենք, օրինակ, առարկային կամ գիտությանը վերաբերվել ոչ թե հենց այդ գիտության ներսից, այլ դրսից ոչ լեգիտիմ պահանջներ դնելով այդ գիտության առաջ, որ նա լուծի։ Եթե դպրոցի մասին է խոսքը, առաջին հերթին պետք է նրանք, ովքեր գործ ունեն առարկայի բովանդակության հետ, փորձեն վերադառնալ այն խնդրին, թե ի՞նչ կարիքից է ծնվել տվյալ գիտելիքը, տվյալ գիտությունը, և ըստ այդմ գրել թե՛ դասագիրք, թե՛ ծրագիր․չփորձել այսօրվա խնդրին ծառայեցնել առարկան։ Ծառայեցնելն արդեն լավ չէ, որովհետև բովանդակության, գիտելիքի առումով այդ գիտության հիմնական մասի կարիքն ունի յուրաքանչյուր սերունդ՝ անկախ այն հանգամանքներից, որում գտնվում է։ Սա հաճախ ստորադասվում է այսօրվա խնդիրներին, և ի վերջո այսօրվա խնդիրներն այդ պատճառով անկատար են մնում, չեն լուծվում։ Նյութն էլ այդպես ավելի աղքատիկ է դառնում, որովհետև շատ հաճախ այն գաղափարի համար, որը դնում ենք, չկա այդքան նյութ, և չի կարելի բռնություն գործադրել պատմական նյութի նկատմամբ, դա համապատասխանեցնել որևէ բովանդակության։
Ես կարծում եմ հասարակության վերակազմակերպումը կրթական առումով պետք է սկսվի հումանիտար բլոկից, չնայած այսօր շեշտը դրվում է, որ ա՛յ, բնագիտության ոլորտը մեզ մոտ անկման մեջ է։ Միևնույն է, մինչև հումանիտար խնդիրը չլուծվի, այսինքն՝ այն, թե մարդը ինչպես հաղորդակցվի, ինչպիսի արժեքներ ունենա, ինչպիսի արժեքներ տիրեն հասարակության մեջ, մինչև դա չապահովենք, անկախ նրանից, թե որքան ռեսուրս կունենանք ու որքան բնագիտական բլոկը զարգացած կլինի, կարծում եմ, էլի առաջընթաց չի լինի։

Ցուցադրել ավելի
Back to top button