Մեկնարկ

Պետությունը մե՛նք ենք. Մեկնարկ

Հուլիսի 1–ին մեկնարկեց և հուլիսի 5–ին աշխատանքն ավարտեց  EduArmenia 2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովը։ Մեր հյուրերը EduArmenia կրթական հարթակի համահիմնադիր,  պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ պատմության դասախոս Լիլիթ Մկրտչյանը և EduArmenia–ի դեսպան, Երևանի Հ․ Գալստյանի անվ․ թիվ 83 ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Նաիրա Երկանյանն են։

Ի՞նչ է EduArmenia–ն, ինչու՞ առաջացավ այսպիսի հարթակ ունենալու գաղափարը, ի՞նչ խնդիրներ է այս պահին լուծում այն։ Այս մասին է զրույցը։

Լ․Մկրտչյան – Սա պարզ փորձի փոխանակման հիման վրա կառուցված հարթակ է։ Ես համալսարանում դասախոս լինելուց զատ նաև ուսուցիչ եմ, և միայն վերջին մեկուկես տարին է, ինչ դպրոցում չեմ դասավանդում։ Ունեմ դպրոցում դասավանդելու 20 տարվա փորձառություն՝ սկսած համայնքային գյուղական դպրոցից մինչև մասնավոր դպրոցում դասավանդելու փորձառություն։ Դպրոց մտել եմ մի պարզ պատճառով․ ուզում էի ինքս բախվել դպրոցում առկա և, առհասարակ, կրթական համակարգում առկա խնդիրներին։

Դպրոցում աշխատելու ընթացքում, բնական է, պարբերաբար փորձում ես նոր մեթոդներ, հետո փորձը կիսում ես ընկերներիդ հետ, հետո իմ մյուս գործընկերը՝ Սեդան, որը հիմա Չինաստանում է, իսկ այն ժամանակ Մոսկվայում էր աշխատում, երբ գալիս էր Հայաստան, անընդհատ հավաքվում էինք, մեր ընկերների համար հանդիպում–քննարկումներ կազմակերպում այն մասին, թե ինչպիսին է աշխարհի փորձը, իրենք ի՛նչ են անում, մե՛նք ինչ ենք անում, նույն թեման ինչպե՞ս ենք դասավանդում։ Հետո պարզվեց, որ ոչ միայն ինձ ու իմ ընկերներին է սա հետաքրքիր, այլև ընկերների ընկերներին, և աստիճանաբար կարիքը զգացվեց փոքրիկ սեմինարներ կազմակերպելու։ Հետո մեզ սկսեցին հրավիրել նմանատիպ սեմինարներ անցկացնելու դպրոցներում, անգամ Արցախ հրավիրեցին, որտեղ 4–օրյա աշխատանք ունեցանք, վերապատրաստումներ։ Հասկացանք, որ մարդիկ կարիք ունեն իրար լսելու, փորձի փոխանակման, նոր բան սովորելու, իրենց կողքից տեսնելու, և ահա այսպես քիչ–քիչ հասունացավ հարթակը ստեղծելու գաղափարը։

Ավելին, մեծ թվով գործընկերներ ունեինք, ովքեր այլ երկրներում էին ապրում և կրթության ու գիտության ոլորտում հասել էին հաջողությունների, իրենք էլ էին անընդհատ ցանկություն հայտնում իրենց փորձը ներկայացնելու։ Այդտեղից էլ ծնվեց աշխատաժողովի գաղափարը։

Հարց – Ներդպրոցական կյանքի ո՞ր խնդիրն էր, որ տեսաք և որոշեցիք, որ դա առանձնահատուկ մոտեցման կարիք ունի։

Լ․Մկրտչյան –Կ րթությունը հեռացած է իրական կյանքից։ Այն, ինչը սովորում է աշակերտը դպրոցում կամ ինչպես սովորում է, իրեն կյանքում պետք չի գալիս։ Այսինքն՝ իրական կյանքի հետ կապն է կտրված, հմտությունների զարգացումն է կտրված, մեթոդաբանությունն է կտրված։ Ոչ թե «ինչը» սովորեցնելու, այլ «ինչպես» սովորեցնելու մեջ է խնդիրը։ Եվ հենց այս ամբողջին է միտված մեր գործունեությունը։

Ն․Երկանյան – Երբ ստեղծվեց EduArmenia–ի դեսպանի ծրագիրը, մենք ունեցանք մեկ հեռավար հանդիպում ուսուցիչների հետ։ Երկու օր հետո ստացանք նամակներ Արմավիրից, Շիրակից, Գեղարքունիքից, ու հասկացանք, որ ուսուցիչները խնդիրներ, հարցեր ունեն, որոնք ցանկանում են տարբեր մասնագետների, նաև՝ հենց ուսուցիչների հետ քննարկել, լուծումներ գտնել, և այս հարթակը կապեց մեզ՝ փորձի փոխանակմամբ, գիտելիքների փոխանակմամբ հանդես գալու և խնդիրներ վեր հանելու։ Փորձում ենք հետադարձ կապի միջոցով և՛ լուծումներ գտնել, և՛ փոքրիկ նախագծերով հանդես գալ, որոնք, հույս ունենք, որ հաջողությամբ կիրականացվեն։

Լ․Մկրտչյան – Եթե դաշնամուր նվագելիս ուզում ենք գեղեցիկ երաժշտություն ստանալ, պետք է դաշնամուրի բոլոր ստեղնները գեղեցիկ նվագեն։ Եթե թեկուզ մեկ ստեղնը չնվագեց, այն երաժշտությունը, որն ուզում էինք ստանալ, չենք ստանա։ Նույնն էլ կրթական համակարգում է։ Եթե ուզում ենք մեծ արդյունք ստանալ, ապա բոլորս՝ որպես ուսուցիչներ, դասավանդողներ, պետք է մեկ ուղղությամբ նայենք։ Պետք է տիրապետենք մեթոդաբանությանը, տիրապետենք գործիքակազմին, ճկուն լինենք, համարձակ լինենք, աշխատող լինենք, սրտացավ լինենք, ստեղծող լինենք։ Հենց մեկը ծուլացավ, այստեղ արդեն մի բան կտրվում ու խախտվում է։ Մենք այն գաղափարի կրողն ենք, որ չենք նստում ու սպասում, որ ինչ–որ մեկը մեզ համար պիտի գործ անի։ Մտածում ենք, որ նախաձեռնողը մե՛նք ենք։ Ոչ թե մտածում ենք, որ պետությունը պետք է անի, մենք էլ վայելենք, մասը կազմենք կամ չկազմենք, այլ ասում ենք․ «Պետությունը ե՛ս եմ, մեզնից յուրաքանչյուրը»։

Ցուցադրել ավելի
Back to top button